Apple Inc.-ը խոստանում է սեպտեմբերի 1-ին ներկայացնել նոր iPod-ների շարք: Բացի այդ` ամերիկյան կորպորացիան կարող է իրականացնել վաղուց սպասված Apple TV նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում iPod օգտագործողները կարող են մատչելի գումարով դիտել հայտնի սերիալները և հեռուստածրագրերը:
«Կապիտալի» հաղորդմամբ` iPod-ի շարքում ամենահետաքրքիր համալրումը կլինի iPod Touch 4-ը` բարձրորակ էկրանով և երկու տեսախցիկով, որոնցից մեկը կարելի է օգտագործել FaceTime-ով տեսախոսակցությունների համար: Ինչ վերաբերում է հեռուստատեսային նախագծին, ապա Apple-ը կոնտենտի ձեռքբերման նպատակով այժմ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի առաջատար մեդիաընկերությունների, այդ թվում` News Corp.-ի և Walt Disney-ի հետ:
Նշենք, որ այս հաղորդագրությունից հետո Նյու Յորքում Apple Inc.-ի բաժնետոմսերը թանկացել են 1,2%-ով:
Աղբյուրը` tert.am

